«Մեգամոլ»-ում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

«Մեգամոլ»-ի տարածքում Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
 

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
 

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 5000 քաղաքացու:
 

Այսօր ահազանգեր էին ստացվել նաև այն մասին, որ «Ռոսիա մոլ»   և «Մետրոնոմ»  առևտրի կենտրոնում նույնպես պայթուցիկ սարքեր կան։ Առևտրի կենտրոններից և ոչ մեկում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։

Քաղաքականություն