Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի սեփական անվտանգության միջոցներ ձեռնարկել. Ֆինլանդիան կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին

Եվրամիության եւ պետական ունեցվածքի հարցերով Ֆինլանդիայի նախարար Տյուտտի Տուպպուրայնենը «շատ հավանական» է համարում իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: 

«Ֆինլանդիայի ժողովուրդը, կարծես, արդեն որոշում է կայացրել, եւ ճնշող մեծամասնությունը սատարում է ՆԱՏՕ - ին Ֆինլանդիայի անդամակցությանը...Այս պահին ես կասեի, որ դա շատ հավանական է, բայց որոշումը դեռ չի ընդունվել», - ասել է նա այսօր բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Տիկինը նշել է, որ ՆԱՏՕ-ին հայտ ներկայացնելու գործընթացը պետք է որքան հնարավոր է շուտ անցնի խորհրդարանում ժողովրդավարական քննարկման ընթացքում: Նախարարը հավելել է, որ Հելսինկիում տեղյակ են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին: 

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի սեփական անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Հետեւաբար, մենք պետք է շատ, շատ զգույշ լինենք, որպեսզի արտաքին գործոնների պատճառով չսահմանափակենք մանեւրելու մեր սեփական տարածքը: Այնպես որ, ինչ էլ ասի Ռուսաստանը, մենք դա, իհարկե, լսում ենք, բայց մենք մեր սեփական որոշումներն ենք ընդունում՝ ելնելով մեր շահերից և մեր պայմաններից, մեր ընդհանուր իրավիճակի հաշվարկից», - նշել է նա։

Քաղաքականություն