Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարները հայտնաբերել են որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բոյաջյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։  

 

Այս պահին հրշեջ փրկարարներն ու 2-րդ վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկ Մարատ Զալինյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հախվերդյանը մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 300 մետր հեռավորությունից դին տեղափոխում են երթևեկելի գոտի, մինչև կժմանի «Ալավերդի» բժշկական կենտրոնի դիատարը։  

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։  Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն

Պատահարներ