ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգեր Միկա Բադալյանը հայտնել է, որ իրեն կալանավորում են

 Բլոգեր Միկա Բադալյանը կկալանավորվի։ Նա այդ մասին հայտնել է տելեգրամյան իր ալիքում հրապարակած տեսանյութում։

«Դատարանը մասնակի բավարարել է դատախազության պահանջը` ինձ կալանավորել են մեկ ամսով։ Այժմ գնում եմ Քննչական կոմիտե, որտեղից պահակախումբը ինձ կտանի»,– ասում է Բադալյանը։

Բլոգերն իր ազատազրկումը որակում է որպես քաղաքական որոշում, որում իրավական որևէ հիմք չկա։

«Սա քաղաքական ճնշման փորձ է։ Մեր բողոքը փորձում են կոտրել։ Բայց չարաչար սխալվում են։ Նրանք մեզ կոտրել չեն կարող։ Դժգոհությունն ավելի կուժեղանա, մեր ազգը իմաստուն է, և մենք անպայման կհասնենք արդյունքի»,– նշում է Բադալյանը։

 

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

 

Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։

 

Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։

Ապրիլի 24-ին Բադալյանն ազատ էր արձակվել։ Նա հայտնել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը հանվել է։

Քաղաքականություն

Պատահարներ