ՔՊ-ականների պարգևավճարները գերազանցել են 48 մլն դրամը․ Hetq.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ:

 

Այս մասին Hetq.am-ը տեղեկանում ենք ԱԺ լրատվական վարչությունից ստացված լրատվականի հարցման պատասխանից:

 

Նշվում է, որ պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից, պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ մշտական հանձնաժողովի նախագահինը 793680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661140 դրամ (հարկերը ներառյալ):

 

Խորհրդարանից հրաժարվել են ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել` որակելով անձնական տվյալ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ընդդիմությունը չի պարգևատրվել` հաշվի առնելով անհարգելի բացակայությունները: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Սիմոնյանը նախաձեռնել է ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց, և առաջիկայում նման օրակարգով ԱԺ խորհրդի նիստ կհրավիրվի:

Քաղաքականություն