Կիևում չեն բացառում մայրաքաղաքի բնակիչների հարկադիր տարհանումը

Կիեւի քաղաքային վարչակազմի մունիցիպալ անվտանգության դեպարտամենտի տնօրեն Ռոման Տկաչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները մշակում են քաղաքի բնակիչների հնարավոր հարկադիր տարհանման տարբերակները:

 

«Մենք դիտարկում ենք ընդհուպ մինչեւ հարկադիր տարհանման տարբերակները, համակարգը պետք է պատրաստ լինի դրան», - ասել է Տկաչուկը «Գլավկոմ» պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվել է արդյոք Կիեւի կառավարական թաղամասում ապրող մարդկանց տարհանման հնարավորությունը:

 

Պաշտոնյայի խոսքով՝ կառավարական թաղամասին հարվածելու սպառնալիք գոյություն ունի փետրվարի վերջից: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «դեռևս հարկադիր տարհանման մասին որոշում չի կայացվել»:

 

Տկաչուկը հայտարարել է, որ «կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների մոտ ապրող մարդիկ միշտ պետք է գիտակցեն, որ այդ օբյեկտներին կարող է հարված հասցվել», ուստի ինքնուրույն պետք է որոշեն, թե արդյոք նրանք պետք է վերադառնան քաղաք եւ ապրեն այդ օբյեկտների կողքին:

Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Կիեւի քաղաքային իշխանություններն արդեն սկսում են տարհանման հանձնաժողովների մարզումը, որպեսզի հասկանան, թե ինչպես է անցկացվելու այս կամ այն շրջանի կամ ամբողջ քաղաքի տարհանումը:

Քաղաքականություն

Պատահարներ