Աշխարհում քիչ չեն օրինակները, երբ խաղաղության պայմանագրի կնքումից հետո սկսվել է պատերազմ․ Փաշինյան

Միշտ չէ, որ զիջումը և ճկունությունը բերում են խաղաղության և միշտ չէ, որ այն ամեն ինչը, որը առաջարկվում է գնալ և ստորագրել, նշանակում է խաղաղություն։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Լավ, ենթադրենք, ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում է՝ ում տարածքում ճանաչելով՝ Սոթք-Խոզնավար օկուպացված հատվածը։ Ասում ենք փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելով անցնում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, և ենթադրենք խաղաղութան պայմանագիրը ստորագրված է, ով է այն երաշխավորը, որ նույն բանը տեղի չի ունենալու։ Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, բայց դա առանց երաշխիքների, ուղղակի թուղթ։ Սա է նաև պատճառը, որ մեկ տարուց ավելի է առաջարկում ենք, որ ՀԱՊԿ-ի մոնիտորինգային միսիա ուղարկել հայ-ադրբեջանական սահման, որպեզի կարողանանք այս հարցերի պատասխանները տալ»,- ասաց Փաշինյանը։

 

Նա հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, բայց այդ խաղաղության տակ պետք է բանաձև լինի, որը կապահովի տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը։

 

«Աշխարհում քիչ չեն օրինակները, երբ խաղաղության պայմանագրի կնքումից հետո սկսվել է պատերազմ, ամենահայտնի պատմությունը օրինակ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր»,-ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ