ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ

 Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու հերթական փորձն է։ Այսօր ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Սեփական հարաբերությունների կառուցումը ինքնիշխան պետությունների գործն է»,– շեշտեց Զախարովան և ավելացրեց, որ Եվրոպայում չեն մտածել տարածաշրջանային կայունության ու այդ քայլի հետևանքների մասին։

Զախարովայի խոսքով` ԵՄ առաքելությունները մինչ օրս իրական կարգավորման չեն հանգեցրել։ Նա հիշեցրեց Ուկրաինայի օրինակը` նշելով, որ 8 տարվա միջնորդությունից հետո Գերմանիային ու Ֆրանսիային չհաջողվեց կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացումը։

«Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Նրա խոսքով` ռուսական կողմն այդ հարցով պարբերաբար հանդիպում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Մոսկվան ակնկալում է օգտվել նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում սպասվող հնարավորություններից։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին։

 

Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Քաղաքականություն

Պատահարներ