ԴԱՀԿ-ի բռնագանձած գումարը վճարելուց հետո քաղաքացին ստիպված չի լինի 7 օր սպասել

 Այսուհետ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) կողմից արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

 

Տարիներ շարունակ քաղաքացիները բողոքել են, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով, մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի:

Ըստ հաղորդագրության` նախարարության, Կենտրոնական բանկի և «Ամերիաբանկի» համագործակցության արդյունքում գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որն էլ դյուրացրել է գործընթացը:

 

«Թվային լուծումների շնորհիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս վերջինիս կողմից պատասխաններն այսուհետ լինելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա»,– նշում է գերատեսչությունը։

 

Նախարարությունը հիշեցնում է, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի բանկի» և «Կոնվերս բանկի» հետ:

Գործընթացը լինելու է շարունակական և համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում:

Քաղաքականություն