Արցախում շատ խանութներում արդեն ապրանքատեսակներ չկան, խանութներ կան, որ փակվել են․ պատգամավոր

Արցախում ամեն օր իրավիճակն ավելի է սրվում, ամեն օր մի նոր խնդիր է առաջանում, մարդկանց նյարդային համակարգն է տեղի տալիս, որոշակի խմբեր ստեղծված իրավիճակից փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

 

«Շատ խանութներում արդեն շատ ապրանքատեսակներ չկան, խանութներ կան, որ փակվել են: Օր օրի ծանրանում է իրավիճակը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ինչ մարդկանց խմբեր են, որոնք փորձում են օգտվել իրավիճակից, Գալստյանը պատախանեց.

 

«Այն օրը տեսել ենք Ազգային ժողովի դիմաց մի խումբ մարդկանց, որոնց ուղղորդել են դեպի ԱԺ և փորձում են ժողովրդին ներկայացնել, թե այդ կառույցը չի աշխատում: Այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից արվում է այն, ինչ խորհրդարանն իրավասու է իր լիազորությունների շրջանակում: Խնդիրների լուծումից մարդկանց ուշադրությունը շեղում են դեպի քաղաքական ուժերը: Այն դեպքում, երբ բոլորս թե հանրահավաքի ժամանակ, թե մեր հարցազրույցներում ասում ենք, որ այս խնդիրը կարող ենք հաղթահարել միայն միասնական ջանքերով: Բայց միասնությունը խաթարողներ կան, փորձում են խաթարել մեր միասնությունը, և ինձ թվում է, որ դրանք բոլորը ուղղորդված քայլեր են: Երևի թե ուղղորդված են այն մարդկանց կողմից, որոնք ուզում են Արցախը կործանված տեսնել: Այդ մարդկանց մեջ շատերը ազնիվ մղումներ ունեն, փորձում են ինչ-որ բան անել, բայց քանի որ այն հարթակը, որն ընտրվել էր, միանշանակ իրենց կամքով չէին դա արել»:

 

Անդրադառնալով Լաչինի միջանցքը բացելուն ուղղված բանակցություններին, Դավիթ Գալստյանն ասաց, որ չկան ուղղակի բանակցություններ արցախյան կողմի հետ. «Ռուսական կողմն ասում է, որ բանակցություններ են տարվում, դրան զուգահեռ տեսնում ենք, որ ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չնայած Արցախի ճանապարհը փակ է, մենք պատրաստ ենք ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրել դեպի Նախիջևան: Հայաստանը որպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չի կատարում պահանջողի իր քայլերը: Ադրբեջանի վերջնական նպտակը Արցախն Ադրբեջանին բռնակցելն է, որին չի ընդդիմանում ՀՀ իշխանությունը: Մենք սպասումներ ունենք ինչպես Հայաստանից, այնպես էլ ռուսաստանից: Մեծ հաշվով, ՌԴ-ն ավելի ադեկվատ է արձագանքում եղած խնդիրներին, քան Հայաստանը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Քաղաքականություն