Թուրքիան կողմ է Չեռնոգորիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան կողմ է Չեռնոգորիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը։ Այս մասին գրում է ТАСС-ը:
 

«Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի մեր գործընկերն է: Թուրքիան հանդես է գալիս Եվրամիությանը Չեռնոգորիայի լիիրավ անդամակցության օգտին»,- ասել է նա Ստամբուլում Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Հարավային Եվրոպայի և Բալկանյան երկրների կայունության և տնտեսական զարգացմանը։ «Չեռնոգորիան կարևոր ներդրում ունի այս գործընթացում»,- հավելել է նա։

 

Էրդողանը նշել է, որ 2021 թվականին Չեռնոգորիա կատարած այցի ժամանակ խնդիր է դրվել երկու երկրների միջև առևտուրը հասցնել 250 միլիոն դոլարի. 

 

«Այս տարվա 11 ամսվա ցուցանիշները ցույց են տալիս ապրանքաշրջանառության աճ 49 տոկոսով։ Այն արդեն հասել է 182 միլիոն դոլարի ռեկորդային ցուցանիշի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Նա նաև հայտնել է, որ թուրքական ընկերությունների ներդրումները Չեռնոգորիայում գերազանցել են 67 միլիոն դոլարը, որից մոտ 20 միլիոնը՝ Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) միջոցով։ Ընդհանուր առմամբ, Չեռնոգորիայում գործում է 3800 թուրքական ընկերություն, ասել է Էրդողանը։

Քաղաքականություն

Պատահարներ