ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կասկածի տակ դրվել 2023թ.-ին` Ուկրաինայի հակամարտության հարցում կոշտ հակառուսական դիրքորոշում որդեգրելու` թուրքական իշխանությունների անպատրաստության ֆոնին: Այս մասին գրում է ТАСС-ը:

Նրա կարծիքով` առաջիկա ամիսներին «Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը» գործնականում իսկապես փորձության կենթարկվեն։ 

 

«Ֆինլանդիան և Շվեդիան ընդունել են ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում, բայց Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան կարիքի ժամանակ, ցավոք, ներառյալ Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար կեղծիքի միջոցով) վերընտրվի (Խմբ.` հունիսին սպասվող ընտրություններում)»,- գրել է Բոլթոնը երկուշաբթի երեկոյան The Daily Telegraph-ի հրապարակած հոդվածում։

 

Նա նաև նշել է, որ Գերմանիայի հայտարարությունները պաշտպանական ծախսերն ավելացնելու մտադրության մասին դեռևս չեն իրականացել։

 

«Գերմանիայի կանոնավոր պաշտպանության բյուջեն 2023 թվականին ավելի ցածր կլինի, քան 2022 թվականին»,- ասել է Բոլթոնը՝ հավելելով, որ Բունդեսվերի համար հատուկ ստեղծված հիմնադրամից 100 միլիարդ եվրոյի միջոցները դեռ չեն օգտագործվել զենքի և ռազմական տեխնիկայի արդիականացման համար։ Միաժամանակ Թրամփի նախկին օգնականը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության երկարացումը կնպաստի Արևմուտքում դժգոհությունների աճին։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը և ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չեն խանգարում Թուրքիային կառուցողական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։

 

«Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բլոկին եւ ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների առկայությունը չեն խանգարում լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Մեր առաջնահերթությունն է ապահովել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտիներ մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Սրանով առաջնորդվելով և արտաքին քաղաքականության մեջ պահպանելով ավանդական գիծը՝ մենք միաժամանակ նոր մոտեցումներով ընդլայնում ենք արտաքին քաղաքականության հորիզոնները»,- ասել է նա Kriter ամսագրի հունվարյան համարին տված հարցազրույցում։

 

Քալընը հավելել է, որ Թուրքիայի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին նույնպես խոչընդոտ չէ Չինաստանի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի հետ համագործակցության զարգացման համար։

Քաղաքականություն