Ալիևը Հայաստանին մեղադրում է խաղաղության շուրջ բանակցությունները տապալելու մեջ

Հայաստանը խաթարում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը: Այս մասին երեքշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 

Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե «Հայաստանի իշխանությունները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը և պատրաստ լինեն ստորագրել խաղաղության պայմանագիր, որը չպետք է վերածվի «բազմահատորյակի», այլ լինի «պարզ փաստաթուղթ», որն արտացոլում է համաձայնագրերի հիմնական սկզբունքները։

 

«Հայաստանը պետք է որոշում ընդունի, և ըստ էության արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են Պրահայում, իսկ հետո՝ Սոչիում անցած տարվա հոկտեմբերին։ Հղումը տարածքային ամբողջականությանն ու Ալմա Աթայի հռչակագրին առավել քան հստակ ասում է, որ նրանք (հայերը) ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա մեր հաջողությունն է, որովհետև Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», -ասել է Ալիևը։

 

Վերջինս միաժամանակ պնդել է, թե ասելով ա-ն, Հայաստանը հրաժարվում է ասել բ-ն։

 

«Նրանք ամեն կերպ ուզում են Ղարաբաղի հարցը խցկել խաղաղության պայմանագրի մեջ և, ըստ էության, արգելափակում են բանակցությունները։ Եվ այն, որ նրանք անտեսեցին արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում՝ ինչ-ինչ իրադարձությունների պատճառով, ընդհանրապես անընդունելի է»,-ասել է Ալիևը, հիշեցնելով, որ սեպտեմբերին Հայաստանի վրա կատարված հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, մեկնել էր Պրահա։

Քաղաքականություն

Պատահարներ