«Ես վնասվածք եմ ստացել երկրորդ կամ երրորդ պայթյունի հետևանքով». Ալեն Սիմոնյան

Ես Բաղրամյան փողոցի ձախ թևում էի գտնվում` փշալարերի առջև։ Փշալարերի վրա սաղավարտ կար ընկած, փորձում էի վերցնել, սակայն ոստիկաններից մեկը հարվածեց ձեռքիս։ Հենց այդ պահին էլ պայթյուն տեղի ունեցավ։ Այսինքն` այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ուզում է գնալ իր աշխատանքի վայր, որից հետո պայթյուններ հնչեցին։ Ես վնասվածք եմ ստացել երկրորդ կամ երրորդ պայթյունի հետևանքով: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

Հիշեցնենք` ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանը հարցաքննվում է` որպես տուժող Երանոսյանի գործով:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»։

 

Սիմոնյանը հայտնել է, որ 2018-ի ապրիլի 16-ին խաղաղ ձևով ակցիա էին անում` ընդդեմ այն բանի, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ղեկավար ընտրվի։


Նրա խոսքով` պայթյունից հետո իր հետևում «Նիվա» մակնիշի մեքենա է տեսել, որի վրա հենվել է, և փորձել շնչառությունը վերականգնել։ Սիմոնյանը նշեց, որ պայթյունից հետո գիտակցությունը «վատ վիճակում» էր և չէր հասկանում, թե ինչ է կատարվում։

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնել է, որ այդ դեպքերի տեսանյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հավաքի մասնակից մի խումբ մարդիկ մինչև պայթյունները «Նիվան» հրելով մոտեցրել են ոստիկանական խմբերին։ Նրա խոսքով` բազմաթիվ դեպքեր են առանձնացվել, որտեղ երևում է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել մինչև պայթյունները։ Պաշտպանական կողմը միջնորդել է հրապարակել Սիմոնյանի նախաքաննական ցուցմունքը` ասելով, որ նախաքննության և այսօր տված ցուցմունքներում էական հակասություններ կան։

 

Դատավորը հրապարակել է Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը: 

 

Նիստին բացի Սիմոնյանից, այլ տուժողներ ներկա չէին: Նիստը հետաձգվեց։ Դատավոր Հարություն Մանուկյանը նշել է, որ եթե հաջորդ նիստին ծանուցված այլ տուժողները չներկայանան, ապա նրանց բերման կենթարկեն։

Քաղաքականություն