Բայրամովն ու Բլինքենի օգնականը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջև ևս մեկ հեռախոսազրույց է կայացել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։

 

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ջեյհուն Բայրամովը նշել է, թե  եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը Լաչինի ճանապարհին, սակայն «հայկական կողմը չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ այն օգտագործելով անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի, ականների տեղափոխման համար»։ 

 

Բացի այդ, Բայրամովը նշել է, թե Լաչինի ճանապարհին ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, իսկ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները  «որեւէ հիմք չունեն»։

 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն