Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ. Փաշինյան

 Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ է սկսվել։ Էներգետիկ ճգնաժամի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել , և զուգահեռ ծավալվւմ է բնապահպանական ճգնաժամ։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով, որ գազամատակարարման ու էներգամատակարարման դադարեցման պայմաններում ԼՂ–ում ստիպված են բնակարանները տաքացնելու համար անտառներ հատել։

 

«Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ` ավարտին հասցնել ԼՂ–ի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,– ասաց Փաշինյանը` արձանագրելով, որ եթե մինչ այժմ միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում հայկական կողմի այս պնդմանը, հիմա դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։

 

Որպես ասվածի ապացույց, Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

 

«Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվեց 2023թ–ի հունվարի 28-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել ԼՂ–ում հայերի ցեղասպանության սպառնալիքին»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը կարևորեց այդ ահազանգի հնչեցման ուղղությամբ ջանքերի շարունակականությունը։

Քաղաքականություն