Պլանավորվում է Միրզոյանի այցը նաև Սիրիա

 Սիրիային հատկացված հումանիտար օգնությունը պակաս հասանելի է` օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով երկրաշարժից տուժած երկրներին Հայաստանի տրամադրած օգնությունների մասին։ 
 

«Պիտի արձանագրեմ, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։ Մենք պլանավորում էինք և պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը նաև Սիրիայի Արաբական Հանրապետություն»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ եթե այդ երկրում դեմ չլինեն, նման այց կառաջիկայում տեղի կունենա։ 
 

Վարչապետ նշեց, որ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը ևս պետք է ուղևորվի Սիրիա` զորակցելու Սիրիայի ժողովրդին ու հայ համայնքին։ 
Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը կապի մեջ է լինելու թե՛ Սիրիայի, և թե՛ Թուրքիայի իշխանությունների հետ` հասկանալու, թե ինչ աջակցության կարիք կա և ինչ կարող է անել Հայաստանը աղետից տուժած երկրներին օգնելու համար։ 
 

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի:

Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա էին մեկնել փետրվարի 8-ին։ 
Երկրաշարժից տուժած երկրներին Հայաստանը շուրջ 200 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել` սնունդ, հագուստ, դեղորայք։ Սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 157 816 100 դրամ։

Քաղաքականություն