Ադրբեջանն ինքն իրեն է վնաս տվել... Ադրբեջանն էլ չի կարողանա օգտվել Սարսանգի ջրերից. Արցախի պաշտոնյա

 Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում, հունվարի 9–ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան։ «Սարսանգ» ՀԷԿ–ն  ապահովում է էլեկտրաէներգիայի մեծ մասն ու պայմաններ ստեղծում ցանցի համար, որ փոքր ՀԷԿ–երը նույնպես կարողանան աշխատել եւ արտադրանք տալ։

 

Արցախի Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ «Սարսանգի» ջրամբարում ջրի մակարդակն աննախադեպ իջել է՝ ավելի քան 20 մետրով, ստեղծված իրավիճակում էլեկտրակայանն օգտագործում է արտադրական ամբողջ հզորությունը, որ երկիրը էներգետիկ ճգնաժամի չմատնվի։

«Սարսանգ» ՀԷԿ–ի  գլխավոր ինժեներն ասել է, որ այս տարի շատ ջուր էին կուտակել։

 

«Բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարող են անջատել ցանցից եւ այսօր 47–րդ օրն է՝ աշխատում ենք  առանց ցանցի, շատ դժվար ռեժիմ է, շատ ծանրաբեռնված ենք»,– ասել է Գրիգոր Գրիգորյանը։

 

Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ եթե չվերականգնվի Շինուհայր– Ստեփանակերտ էլեկտրագծի անխափան աշխատանքը, ամռանը Սարսանգից ջուր բաց թողնելու հնարավորություն չի լինելու։ Ջրամբարը լցնելու համար մի քանի տարի է պահանջվելու։ 

Ջրի սակավությունը, սակայն, խնդրի առաջ է կանգնեցնելուադրբեջանական կողմին։

 

«Շատ սխալ քաղաքականություն Էր Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ ներմուծվող հոսանքն անջատելը, իրենք հենց իրենց են վնաս տվել։ Ադրբեջանի այն բնակչությունը, որը վերջին երկու տարիներին օգտվում էր Սարսանգի ջրերից՝ գյուղատնտեսության համար,  2023 թվականից չի ունենալու այդ հնարավորությունը»,– ասում է Գեորգի Հայրիյանը։

Քաղաքականություն