ՄԱԿ-ը մեղադրական նամակներ է ուղարկել Ադրբեջանին և Թուրքիային

 Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծված պատերազմում վարձկաններ ներգրավելու համար ՄԱԿ-ից մեղադրանքներ են ուղարկվել Ադրբեջանին ու Թուրքիային: Այս մասին  ասուլիսում ասացին վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի Հայաստան ժամանած անդամները՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:   
 

 Խմբի մանդատը ձևավորվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ: Աշխատանքային խմբի մանդատը լայն է, այն ընդգրկում է վարձկանների ներգրավումը և  մասնավոր ռազմական և պահնորդական ընկերությունների օգտագործումը՝ մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Այդ մանդատի շրջանակում աշխատանքային խումբն իրականացնում է այցելություն երկրներ, և Հայաստան այցելությունը դրանցից մեկն է: Խումբը տարբեր աղբյուրներից ստանում է հաղորդումներ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: 

«Մեր խումբը 2020 թվականին արդեն ստացել է հաղորդում՝ վարձկանների օգտագործման վերաբերյալ: Եվ այդ ժամանակ մենք արդեն արձագանքել ենք, գործել ենք, համապատասխան հաղորդագրություն ենք ներկայացրել»,- ասաց խմբի անդամ Ելենա Ապարաքը, ով Խորվաթիայից է: 

Խմբի այցելությունը Հայաստան բավականին երկար ժամանակ նախապատրաստվել է Հայաստանի իշխանությունների հետ: 

«Այս պահին մեզ հասած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է երկու վարձկաններին, որոնց գերի են վերցրել, որոնց մեղադրանք է ներկայացվել, դատական գործընթաց է սկսվել, լսումներ են տեղի ունեցել: Մենք այդ ամենի վերաբերյալ դեռ հավաքագրում ենք տեղեկատվությունը»,-ասաց նա: 

Խումբը գործում է իրեն տրամադրված տեղեկատվության հիման վրա, որը կարող է տրամադրվել ՀԿ-ներից կամ ցանկացած այլ աղբյուրից: Փաստ արձանագրելը տեղի է ունենում պաշտոնական գործընթացով, այսինքն՝ տեղեկատվությունը ստանում են պաշտոնական աղբյուրից, և այդ տեղեկատվության հիման վրա կարող են որոշել, թե ով է իրադարձությունների համար պատասխանատու կողմը: Աշխատանքային խմբի անդամ Ռավինդրան Դանիելը շեշտեց, որ չեն կարող գործել այն տեղեկատվության հիման վրա, որը պաշտոնական աղբյուրներից տրամադրված չէ: 

 «Մենք ունենք այսպիսի գործիք՝ «մեղադրական նամակ», ինչն արել ենք 2020 թվականին: Մենք դա ներկայացնում են պետություններին և ոչ պետական կառույցներին»,- նշեց Ելենա Ապարաքը: 

Անդրադառնալով ճշտող հարցին, թե արդյոք Ադրբեջանին և Թուրքիային մեղադրական նամակներ ուղարկվել են՝ նա դրական պատասխան տվեց: 

Աշխատանքային խումբը 2020 թվականի իր թեմատիկ զեկույցների մեջ նկատել է, որ գլոբալ մակարդակով շատանում է վարձկանների  և մասնավոր պահնորդական ընկերությունների օգտագործումը: Ինչ վերաբերում է մեղադրական նամակների հետևանքներին, ապա, ցավոք,  աշխատանքային խմբի մանդատն այդ հարցով բավականին սահմանափակ է:  «Մենք կարող ենք պատասխաններ ստանալ: Այդ պատասխանները հրապարակային են: Եվ հետո արդեն մյուս շահագրգիռ կողմերը պետք է օգտագործեն մեր այդ մեղադրական նամակները, արձագանքները և դրանց հիման վրա գործողությունների դիմեն՝ կլինեն ՀԿ-ներ, միջազգային կազմակերպությունները, այլ պետություններ»,- ասաց Ելենա Ապարաքը: 

Ռավինդրան Դանիելը նկատեց, որ իրենց աշխատանքի արդյունքում խնդիրներն ավելի տեսանելի են դառնում, ինչը տեղի ունեցավ 2020 թվականին: 

Աշխատանքային խմբի անդամները դրական են գնահատում, որ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: 

Աշխատանքային խումբը հայտ ուղարկել է Ադրբեջան այցի համար, բայց դեռևս պատասխան չի ստացել:

Քաղաքականություն