Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ չեն ուղարկվել, ՀՀ դեսպանությունը հերքել է սկանդալային տեղեկությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Այս մասին հայտնում  է  «Ալիք մեդիա»-ն:

 

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին հայտնել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ.

 

«Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։

 

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցներից մեկը հղում անելով անանուն ցուցարարի, գրել էր, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

 

«Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։

Քաղաքականություն

Պատահարներ