Քննիչը տուժողից 500 ԱՄՆ դոլար է պահանջել հանցանք կատարած անձին գտնելու համար. ՔԿ

12.000 ԱՄՆ դոլար գումարի խարդախության զոհ դարձած անձից քննիչը 500 ԱՄՆ դոլար է պահանջել հանցանք կատարած անձին գտնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 


Մասնավորապես, մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով ունի տուժողի դատավարական կարգավիճակ, որի շրջանակներում 12.000 ԱՄՆ դոլար գումարի խարդախության զոհ է դարձել։ 


Ըստ հաղորդման՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն իրենից պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի այն փոխանցի դատախազին՝ առերևույթ հանցանք կատարած անձին գտնելու նպատակով և մեկ շաբաթ անց հետ վերադարձնի նշված գումարը։ 


Սակայն հետագայում քննիչը հրաժարվել է գումարը հետ վերադարձնել՝ ներկայացնելով տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններ։ 
2023 թվականի մարտի 10-ին քննիչը, այլևս չլինելով այդ պաշտոնում, 27-ամյա երիտասարդի հաշվին փոխանցել է 204.000 ՀՀ դրամ և պահանջել մոտենալ քննչական բաժին՝ քննությունը շարունակելու նպատակով։ 


Կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Նախաձեռնված քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։ 
Նշված քննիչը ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2022թ. հոկտեմբերի 12-ին։

Քաղաքականություն