Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սուրեն Պապիկյանի տան գործարքի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը․ ԶԼՄ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տան գործարքի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը, Factor.am-ին փոխանցել է կառույցի ղեկավարի խորհրդարական Լուսինե Մարտիրոսյանը։ 

 

Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ եղան հրապարակումներ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է գնել, որն այսօր 412 հազար դոլար արժե։ Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Ընդ որում՝ Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել հիփոթեքային վարկով։
 

Համաձայն հրապարակումների՝ Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել 69 մլն դրամով, այնինչ բնակարանն այսօր արժե 169 մլն դրամ:

 

Ի դեպ, ըստ հրապարակումների Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել՝ 1 քմ-ի համար վճարելով 1019 դոլար։Մոտ երկու շաբաթ առաջ «Հետք»-ը գրել էր, որ Պապիկյանը 168,000 դոլարով բնակարան է գնել, որի շուկայական արժեքն այսօր 412,000 դոլար է։

 

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից «ՀԺ»-ին հայտնել են, թե կեղծ են այն պնդումները, թե Սուրեն Պապիկյանը շուկայականից էժան է ձեռք բերել բնակարանը, քանի որ մոտ 300 բնակարան վաճառել են գրեթե նույն գնով։ 

 

Ըստ ընկերության՝ 117 քաղաքացի ավելի էժան է ձեռք բերել բնակարան, քան Սուրեն Պապիկանը, իսկ 297 քաղաքացի ձեռք է բերել բնակարան 1 քմ-ի համար 800-1100 դոլարին համարժեք արժույթով։

 

Միևնույն ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի Factor.am-ին տված գնահատմամբ՝ եթե սովորական քաղաքացու և բարձրաստիճան պաշտոնյայի համար տարբեր պայմաններ են գործում, դա արդեն փաստում է առնվազն կոռուպցիոն ռիսկի առկայության մասին։

Քաղաքականություն