Դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել Հայաստանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին թույլատրել է մեկնել Հայաստանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը։

 

«Միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից ելնելով նրան թույլատրել որոշ ժամանակով մեկնել երկրից` բժշկական օգնություն ստանալու համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը»,-նշեց Շաբոյանը։

 

Նշել էինք, որ մարտի 22-ին կայացած դատական նիստին Խաչատրյանը չէր ներկայացել` առողջական խնդիրներով պայմանավորված։ Այս տարի` հունվարի 18-ին Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից։

 

Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։

 

Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։

 

Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:

 

Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։

Քաղաքականություն

Պատահարներ