Սևանի խեցգետինը վերացման եզրին է. նախատեսվում է ավստրալիական խեցգետնատեսակ բուծել

Կառավարությունը ծրագրում է 2026թ–ին Հայաստանում խեցգետնի արտադրությունը հասցնել 162 տոննայի։ Մասնագետը կառավարության ծրագրում նշված ցուցանիշները իրատեսական է համարում ավստրալիական խեցգետնատեսակի բուծման դեպքում։

Խեցգետնի արդյունագործական բուծումը Հայաստանում հնարավոր է, բայց ոչ տեղական տեսակների միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը` մեկնաբանելով կառավարության` ապրիլի 13-ի նիւստում հաստատված խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը: 

 

Կառավարության հաստատած ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ-ը ՀՀ–ում հիմնել մեծ, փոքր ու միջին չափերի 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ, որոնց աշխատանքի արդյունքում 2026թ–ին Հայաստանում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին։

«Կառավարության որոշման համաձայն` հիմնական ուշադրությունը դարձվելու է կարմրաչանչ ավստրալիական խեցգետնի բուծմանը, որը բավական լայն պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։ Մեր հարևան երկրներից մենք կարող ենք գնել այդ խեցգետնի թրթուրը, որը բավական ցածր ինքնարժեք ունի, և 9 ամսվա ընթացքում այդ խեցգետինը կարող է հասնել արդեն շուկայական ընդունելի չափի` մինչև 65 գրամի։ Այս տեսակն իր արագ զարգացման շնորհիվ կարողանում է կարճ ժամանակում հասնել բավական մեծ չափերի»,- ասել է Ղուկասյանը։
Հայկական երկարաչանչ խեցգետինը այդ նույն չափերի հասնում է 3 տարվա ընթացքում։

Այնպես որ Ղուկասյանը կառավարության ծրագրում նշված ցուցանիշները իրատեսական է համարում ավստրալիական խեցգետնատեսակի բուծման դեպքում։
 

Փոքր ու հիվանդ խեցգետիններ. այն, ինչ մնացել է Սևանում

 

Կառավարությունը հույս ունի, որ արհեստական խեցգետնաբուծության զարգացման շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել նաև անվերահսկելի որսի հետևանքով վերացման եզրին գտնվող տեղական խեցգետնի բնական պաշարները։ Մասնագետը ևս հույս ունի, որ արդյունագործական տեսակի բուծումը թույլ կտա թուլացնել բնական ջրամբարներում ու մասնավորապես Սևանա լճում բնակվող խեցգետինների նկատմամբ հետաքրքրությունը։

«Հույս ունենք, որ, երբ մեր տնտեսություններում աճեցնեն խեցգետին, և դա նաև ապրանքի ձևով վաճառվի խանութներում, մարդիկ կգերադասեն գնել այդ խեցգետինը, և Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վրա ճնշումը մի քիչ կթեթևանա»,– ասել է Ղուկասյանը։

Բայց որսը Սևանի խեցգետնի միակ թշնամին չէ։ Ղուկասյանի խոսքով Հայաստանում 2018թ–ից խեցգետինների շրջանում սնկային հիվանդություն է տարածվել, որն արդեն 5 տարի չի վերանում։

«Հիվանդությունը մարդու համար վտանգավոր չէ։ Բայց դրա պատճառով խեցգետինը զրկվում է իր ապրանքային արժեքից։ Բացի այդ, լճում մնացել են շատ մանր կենդանիներ։ Մեծերը շատ արագ ոչնչացան, որովհետև նրանց մոտ մաշկափոխությունը կատարվում է ավելի դանդաղ, իսկ փոքրերի մոտ` տարվա մեջ 5 անգամ։ Եվ եթե անգամ խեցին վարակված է, նրանք հասցնում են այն փոխել»,– բացատրել է մասնագետը։

Հիվանդության ու որսի պատճառվ այսօր Սևանում միայն փոքր չափերի խեցգետիններ են մնացել, պոպուլյացիան 4000 տոննայից հասել է 100 տոննայի։

Հենց այդ հանգամանքն էլ Ղուկասյանին թույլ է տալիս հուսալ, որ մանր ու հազվադեպ հանդիպող խեցգետինը չի գրավի որսագողերին, ու կենդանուն կհաջողվի բնական ճանապարհով հաղթահարել հիվանդությունը, մեծանալ և բազմանալ։
 

Լրատվամիջոցի հրապարակած հոդվածում նշվում է, որ Ավստրալիական խեցգետինի համար ամենահարմար տեղը Արարատյան դաշտն է

 

Ինչ վերաբերում է Հայաստանում ավստրալիական խեցգետին բուծելու ծրագրին, մասնագետը նշում է, որ դրանք, ի տարբերություն հայկական խեցգետնի, սառը ջրերում չեն ապրում։ Արհեստական բուծարաններում այս տեսակի համար ջրի ջերմաստիճանը պետք է լինի 10-26 աստիճան։ Ուստի լավագույն տարածքը բուծարան հիմնելու համար Արարատյան դաշտն է։

 

Քաղաքականություն

Պատահարներ