Պելեի անունը ներառվել է պորտուգալերենի բառարանում՝ որպես «լավագույն» բառի հոմանիշ

Պորտուգալերենի բրազիլական Միքայելիսի բառարանը հաստատել է ֆուտբոլիստ Պելեի անունը՝ որպես «լավագույն» բառի հոմանիշ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պելեի հիմնադրամը:
 

«Նա, ով սովորականից դուրս է, ով իր որակով, արժեքով կամ գերազանցությամբ չի կարող համեմատվել ոչնչի կամ որևէ մեկի հետ. բացառիկ, անհամեմատելի, եզակի»,- ասվում է բառարանի կայքում pelé բառի սահմանման մեջ։
 

Բառարանը նաև պորտուգալերենով տվել է pelé-ի երեք օրինակ։
 

Նշենք, որ Պելեի իսկական անունը Էդսոն Արանտիս դու Նասիմենտու է։ Նա իր մականունը ստացել է մանկուց՝ ի պատիվ «Վասկո դա Գամա» ակումբի դարպասապահ Բիլեի, ում անունը նա սխալ էր արտասանել մանկության տարիներին:
 

Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում: 
 

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն Պելեին ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Նա աշխարհի միակ խաղացողն է, ով որպես խաղացող երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Դա տեղի է ունեցել 1958, 1962 և 1970 թվականներին: Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։

Քաղաքականություն