Ադրբեջանը երեկվանից չի սկսել Սոթքի վրա կրակել, արդեն 20 օր է՝ կրակում է. Թագուհի Թովմասյան

Ադրբեջանը երեկվանից չի սկսել Սոթքի վրա կրակել, արդեն 20 օր է՝ կրակում է։ «Հետք»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

 

«Երբ Ազգային ժողովում ակցիա իրականացրի՝ ասելով, որ ամբիոնից չեմ իջնելու, ուշադրություն էի հրավիրում իմ ելույթի վրա, որովհետև այդ ժամանակվա դրությամբ 7 օրից ավել Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում էր Սոթքի հանքի վրա։ Պետական որևէ օղակից որևէ արձագանք չէր հնչում։ Ես իմ ակցիայով ուզեցի ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա և ահազանգել, որ 800 աշխատակից չի կարողանում գնալ աշխատանքի, որովհետև հանքավայրը չի աշխատում։ Երբ սկսում են որևէ տեխնիկա շարժել հանքավայրի տարածքում, անմիջապես վերևից կրակում են։ Այս մասին որևէ ահազանգ իշխանությունը չհնչեցրեց, ինչի արդյունքն այն է, որ Ադրբեջանը սկսեց ավելի խոշոր տրամաչափի զենքից կրակել և ինտենսիվությունը մեծացնել»,- նշել է պատգամավորը։ 

 

Թովմասյանի խոսքով՝ հանքավայրը չի աշխատում 20 օրից ավել, և 800 աշխատակից մատնված է անորոշության։ Պատգամավորն այժմ գտնվում է Վարդենիսում, ասում է՝ կրակոցներ այս պահին չկան, բայց որևէ երաշխիք չկա, որ չեն լինի 5 րոպեից, 10 րոպեից, կես ժամից, և հայտնի չէ՝ ինչ մասշտաբով կլինեն։ Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ ադրբեջանական սադրանքի նպատակը Սոթքի հանքավայրի նկատմամբ նկրտումներն են։

Քաղաքականություն

Պատահարներ