ՀՀ-ի նկատմամբ թուրքական քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու. Տիգրան Ալթուն

Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից ցանկացածի հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու։ Այս կարծիքին է Ստամբուլի հայկական համայնքի անդամ Տիգրան Ալթունը։ 

 

«Ես կարծում եմ՝ Ադրբեջանը շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա։ Այդ երկիրն այստեղ այնքան շատ ներդրումներ ունի, որ Թուրքիան չի կարող անտեսել նրան ու ստիպված է հետևել ադրբեջանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ալթունը։ 

 

Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» շարժմանը նվիրված արձանի տեղադրման առնչությամբ պաշտոնական Անկարայի բարձրացրած աղմուկին՝ Ալթունը նկատել է, որ այդ հայտարարությունները պետք է կապել նաև մայիսի 14-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների և այդտեղ ազգայնական շրջանակների ձայները ստանալու միտման հետ։

 

 «Եթե պետք է բողոքեն այդ արձանի տեղադրման համար, ապա մենք էլ պետք է բողոքենք, որ հայկական թաղամասերում կան Թալեաթ փաշայի փողոց, դպրոց։ Ընդ որում, այդ ամենը արվում է հենց այն վայրերում, որտեղ ապրում են հայերը»,- նշել է  Ստամբուլի հայկական համայնքի անդամը։

Քաղաքականություն