Բաքվից քննադատել են Հայաստանում Եվրամիության ներկայացուցչին

Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նա նշել է, որ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մայիսի 15-ին հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ»:

 

Հաջիզադեն այդ կապակցությամբ ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին է հայտնի:

 

«Եվրամիության ներկայացուցչի այդ պնդումները միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, հակասում են միջազգային իրավունքին և անընդունելի են: Ղարաբաղի շրջանը հանդիսանում է ինքնիշան Ադրբեջանի անբաժան մաս: Ինչպես և Ադրբեջանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունները, Ղարաբաղի հայերի իրավունքներն էլ կապահովվեն մեր երկրի օրենսդրության շրջանակներում»,- ասել է Հաջիզադեն:

Նրա պնդմամբ, ոչ ոք չպետք է խոչընդոտի հայ բնակիչների հետ երկխոսություն հաստատելու իշխանության փորձերը:

 

«Պետք է վերջ տալ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը:

Քաղաքականություն