«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք եւ երթ Կոռնիձորում

Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամավորական շարժում» ՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Սյունիքում՝ Կոռնիձորում։ 

«Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին ոչ ասելու, Արցախին և Հայաստանին տեր լինելու որոշումը վերահաստատելու, 
Ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար՝  Կոռնիձորում՝ Հաքարի կամուրջի սկզբնամասում տեղի է ունենում հանրահավաք»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։ 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ավելի քան 160 օր է` Արցախը շրջափակման մեջ է։ Դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ 

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։ 

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։ 

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։ 

Արդեն 160 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։ 

 

Քաղաքականություն