Բայդենը սպառնացել է Չինաստանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Հիրոսիմայում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Թայվանը դնել «մի իրադրության մեջ, որի դեպքում նա կարող է պաշտպանել իրեն», հաղորդում է BBC-ն։

 

Ըստ նրա, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շրջանում «հստակ ըմբռնում» կա, որ եթե Չինաստանը միակողմանի գործեր Թայվանի հարցում, ապա «պատասխան կհետևեր»։

 

Միաժամանակ Բայդենը հայտարարել է, որ չի կարծում, թե «անխուսափելի» բան կա այն ենթադրության մեջ, թե հակամարտություն կառաջանա։

 

Ավելի վաղ Չինաստանը կտրուկ քննադատել էր «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունները, որոնք նաև վերաբերել են Թայվանի շուրջ իրավիճակին։ 

 

Թայվանի հարցի լուծումը չինացի ժողովրդի գործն է և պետք է լուծվի նրա կողմից, ընդգծել է Չինաստանի ԱԳՆ-ն։

 

««Մեծ յոթնյակը» շարունակում է հայտարարել Թայվանի նեղուցով խաղաղության պահպանման մասին, բայց երբեք չի հիշատակում «Թայվանի անկախությանն» իր անհամաձայնությունը։ Ոչ ոք չպետք է թերագնահատի իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու չինացի ժողովրդի ամուր վճռականությունը, ամուր կամքն ու ունակությունը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Քաղաքականություն