ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների առաջնորդների կոչը` Բայդենին

Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Տեղեկությունը հաղորդում է  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: 

 

«Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է», - գրված է նամակում:

 

Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:

 

 

Քաղաքականություն