Միրզոյանը նշել է` ինչու է Հայաստանն անընդհատ խոսում Ադրբեջանի տարածքը ճանաչելու մասին

Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասել է խորհրդարանում 2022 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։ Ըստ Մանուկյանի`  իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը: Նա փորձել է Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 ք/կմ է» արտահայտությունը։

 

«Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,- նշել է Միրզոյանը։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կմ–ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։

 

 

Քաղաքականություն