ՏԵՍԱՆՅՈԻԹ. ՊԵԿ-ը ապօրինի ավազահանք է բացահայտել

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում` դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն  իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: 

 

Պարզվել է նաև, որ  տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել: 

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝  վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ  6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293  քառակուսի մետր մակերեսով տարածք:

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

 

Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է  շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ:

ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ: 

Քաղաքականություն