Տուժածին ճանաչում եմ՝ Ջանոն է, գազի բալոնի գործ էր անում․ բնակիչները՝ ավտոտնակի դեպքի մասին

Ավտոտնակում է եղել պայթյունը, տուժածին ճանաչում եմ՝ Ջանոն է, գազի բալոնի գործ էր անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արաբկիր համայնքի բնակիչներից Հասմիկ Թադեւոսյանը:

 

«Բացել է դուռը ու տրաքել է, պայթյունից թռել է ավտոյի վրա, ոտք-ձեռք ջարդել է: Ասում են՝ շատ ծանր է վիճակը: Ինքը շատ լավ արհեստավոր մարդ է:

Պայթյունի ձայնը մինչեւ Կոմիտասի շուկա լսվել է, բոլոր շենքերի ապակիները կոտրվել է: Գիշերը եկանք, տեսանք: Պայթյունից բակում կանգնած ավտոմեքենաները վնասվել են»,-ասել է նա:

 

Մեկ այլ բնակիչ էլ՝ Վրույր Ավագյանը, նշել է, որ Ջանոյի հետ մանկության ընկերներ են եղել, հիմա ինքը հարևան փողոցում է ապրում. «Մենք կողքի փողոցից ենք, պայթյունը լսել ենք երեկ երեկոյան: Չգիտեինք, թե որտեղից է ձայնը, ինչ է պտահել: Հետո իմացանք, որ Ջանոյի ավտոտնակում բալոնն է տրաքել»,-ասել է նա:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

 

Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։

 

Քաղաքականություն

Պատահարներ