Ուկրաինան պետք է ստանա ՆԱՏՕ-ի հրավեր հիմա․ Կուլեբա

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները պետք է հստակ նշեն այն ժամկետը, որում պատրաստ կլինեն ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում, ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ ըստ ամերիկյան Foreign Policy հրատարակության համար նախատեսված «ՆԱՏՕ-ի հաջորդ տասնամյակը» (NATO’s Next Decade) հոդվածի։
 

«Եթե ՆԱՏՕ-ի ղեկավարները դեռ պատրաստ չեն հրավերի մասին հայտարարել Վիլնյուսում, նրանք պետք է հստակ նշեն, թե երբ պատրաստ կլինեն: Անդամակցությունն ունի պաշտոնական պահանջներ, բայց հրավերը՝ ոչ: Պահանջվում է միայն ռազմավարական հեռատեսություն ու քաղաքական կամք»,- ասել է Կուլեբան:
 

Նա նաև հորդորել է ՆԱՏՕ-ին ճանաչել «երեք ակնհայտ ճշմարտություն»։
 

«Նախ, ՆԱՏՕ-ին Ուկրաինան պետք է ոչ պակաս, քան Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ին։ Երկրորդ, Կիևը Եվրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն է: Եվ երրորդ, Ուկրաինան պետք է ստանա դաշինքի հրավեր հիմա և դառնա դրա անդամ, երբ դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները լինեն»,- նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Քաղաքականություն

Պատահարներ