ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր իսկ սահմանադրությամբ սահմանված մարդու իրավունքները

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուի ձերբակալության հետ կապված իրավիճակին, տեղեկացրել է TURAN-ը։

 

«Մենք ուշադիր հետեւում ենք Գուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է մարդու իրավունքների եւ  հիմնական ազատությունների հարգման սկզբունքներին»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մամուլի համար տված ամենօրյա ճեպազրույցում։

 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները եւ իր քաղաքացիների, այդ թվում Գուբադ Իբադօղլուի հիմնական իրավունքները՝ Ադրբեջանի սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների համապատասխան»,- ավելացրել է Միլլերը։

 

Իբադօղլուն Ադրբեջանի դեմոկրատիայի եւ բարօրության կուսակցության նախագահն է, հեղինակավոր տնտեսագետ (մինչեւ վերջերս աշխատում էր Ռուտգերսի համալսարանում), նա կալանավորվել է հուլիսի 23-ին դրամանենգության մեղադրանքով, այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարել է, որ Բաքվի նրա բնակարանում, որտեղ նա չի ապրել, հայտնաբերվել են 40 000 դոլարի կեղծ թղթադրամներ։

 

Իբադօղլուն, որը վերջերս է վերադարձել Ադրբեջան՝ արտասահմանում երկար տարիներ գտնվելուց հետո, անցած ամիս վտարանդիության մեջ գտնվող մի քանի այլ ադրբեջանցի նշանավոր քաղաքական գործիչների եւ ակտիվիստների հետ միասին հայտարարել էր Լոնդոնում Ադրբեջանցի երիտասարդության կրթական ֆոնդի ստեղծման մասին։ Ադրբեջանի կառավարությունը նրան մեղադրել է նաեւ Ֆեթհուլա Գյուլենի ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, ինը շատերն անհեթեթ պնդում են համարում։ 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ