20-ամյա աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ. արցախցի Հելենի մոր բաց նամակը Փաշինյանին և Միրզոյանին

Արցախցի Հելենի մայրը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին գրում է Armlur.am-ը՝ հրապարակելով նաև նամակը:
 

«Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությանբ սարքել են իրենց քաղաքական թեման»:
 

Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից եւ արցախահայությունից։Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ:
 

Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականությունները, ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը:

Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործեք Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան»,– նշվում է բաց նամակում:

Քաղաքականություն