Ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում․ Թաթոյանը՝ 3 երիտասարդների առևանգման մասին

Հայաստան ուղևորվող երիտասարդներին տարել են հարցաքննության և նրանցից 3-ին առևանգել:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

 

«Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում: Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու: Ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում, ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում:

 

Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում` բիրտ ուժի կիրառությամբ: Հայաստան ուղևորվող երիտասարդների տարել են հարցաքննության և նրանցից 3-ին առևանգել:

 

Երիտասարդները Բերձորի (Լաչինի) ճանապարհով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Հայաստան` ուսման նպատակով: Այսինքն` այս դեպքում էլ նախապես իմացել են երիտասարդների ուղևորվելու մասին, ինչպես որ Վագիֆ Խաչատրյանի առևանգման պարագայում, որ տեղի էր ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:

 

Սա կամայականություն է բացարձակ, մարդուն ապօրինի ազատությունից զրկել ու առևանգել, հանցավոր արարք։ Սրանք են ադրբեջանական ֆաշիստական հայատյաց քաղաքականության բնական պտուղներն են:

 

Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ ու մյուս կենսական իրավունքները զոհ ես դնում քաղաքական շահերին, երբ երկրում առաջնային հարցերը երկրորդականից և անգամ երրորդակնից հետո են կամ հարց է` արդյոք առաջնային հարցերը տեղ ունեն առհասարակ»,-գրել է նա։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Նշվում է, որ առևվանգվել են երեք եիտասարդի։

Քաղաքականություն