Բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Սերոբ Նալթակյանը. ՔԿ

Որոշում է կայացվել կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով ձերբակալել Սերոբ Նալթակյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

 

Նման որոշման հիմք է հանդիսացել հրապարակում 1991թ. ծնված Սերոբ Նալթակյանի կողմից զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը։

 

Մասնավորապես՝ բարձրախոսի միջոցով վերջինս բազմաթիվ անձանց ներկայությամբ և ԶԼՄ-ների կողմից հավաքի ընթացքի լուսաբանման պայմաններում հայտարարել է.

 

«Նեգատիվը, եթե լավ չհասկանան, թափելու ենք էս շենքի վրա։ Եթե պետք լինի, սաղ շենքերի վրա նեգատիվ ա թափվելու։ Մենք պետք է համախմբված անենք։ Եթե բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք։ Եկեք ինչքան կարանք մարդ կանչենք ստեղ։ Խնդրենք, ծեծենք, խաբենք, համոզենք։ Թող գան ստեղ, կհասկանան հարցն ինչումն ա։ Հենց եկան ստեղ, հավաքվեցինք, լցվեց հրապարակը, հասկացողը հասկանալու ա, չհասկացողի գլխին էլ տալու ենք»։

 

Հաշվի առնելով, որ վերոնշյալ հայտարարությունում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Նշենք, որ Սերոբ Նալթակյանը 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44–օրյա պատերազմների մասնակից է։

Քաղաքականություն

Պատահարներ