Ժաննա Անդրեասյանը բողոքի ակցիա իրականացնող գիտնականներին խոստացել է ծանոթանալ խնդրին

Նախարարը մեզ խոստացավ, որ այս հարցով աչալուրջ կլինի, և հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ կպատասխանի: Հարցը դեռևս քննարկման փուլում է, նա ասաց, որ ցանկանում է հարցին ավելի խորը ծանոթանալ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԿԳՄՍ նախարարի և ցուցարարների՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո պատմեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը: Նա ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանի և փաստաբան Տիգրան Նախդալյանի հետ միասին էր հանդիպել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեայանի հետ:


Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա էին սկսել Կառավարության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: Կառավարությունից նրանց ուղորդել էին ԿԳՄՍ նախարարություն, պարզաբանելով, որ հարցը այդ նախարարության իրավասությունների տիրույթում է:


Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ՝ մարտի 15-ին, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները իրենց կենտրոնի մոտ՝ Ազատության պողոտայում ճանապարհ էին փակել: Նրանք կրկին պահանջում էին դադարեցնել կենտրոնի մոտ ընթացող շինարարությունը, քանի որ չեն կարողանում այդ պայմաններում ախատել:

Քաղաքականություն