Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է

Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еkathimerini պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա ընդգծել է, որ երկրի պաշտպանունակության հնարավորությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը։


Այս համատեքստում նա ընդգծել է հայ-հունական համագործակցությունը:


«Պաշտպանության ոլորտում համագործակցության երկարամյա ավանդույթ կա. անցյալ տարվա դեկտեմբերին երկու կառավարությունների միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքների փոխանակում և համատեղ նախագծերի մշակում։ Շատ հայ կուրսանտներ հնարավորություն ունեն սովորելու հունական ուսումնական հաստատություններում:


Սրանք այս ոլորտում համագործակցության կետերից միայն մի քանիսն են, և ներկայումս պարբերաբար զորավարժություններ են անցկացվում։ Չնայած պաշտպանության ոլորտում գերազանց համագործակցությանը, կա հետագա զարգացման մեծ ներուժ։ Առաջիկայում հուսով ենք, որ այս ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի», - ասել է Փաշինյանը։


«Պետք է նշեմ, որ պաշտպանական ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանունակության հնարավորությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և նրա սահմանների պաշտպանությանը»,-նշել է վարչապետը:

Քաղաքականություն