Մարուքյանն անդրադարձել է Հաջիզադեի՝ գյուղերի մասին հայտարարությանը

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն X-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի թվիթին, ով պատասխանել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը՝ պնդելով, որ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։


«Նման հայտարարություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի և հիմնվի Խորհրդային Միության քարտեզի վրա։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են, հետևաբար տարածքային վեճի առարկա չեն»,-գրել է նա։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությանը, ասել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»՝ ամբողջովին անտեսելով «հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը»: 

Հաջիզադեն ընդգծել է, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։



Քաղաքականություն