Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հունաստանի հետ մեր երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը: Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար:


«Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Օրերս համագործակցության համաձայնագիր է կնքվել Հայաստանի կառավարության և Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի միջև, որտեղ կգործի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը: Նախորդ տարի համագործակցության հուշագիր է ստորագրվել Աթենքի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի միջև: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը»,-ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։


«Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը»,-նշել է նա:


Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը և վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս դիտարկում ենք այս շրջանակում:


Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը: Կայունությունը և խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում ևս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ:


Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի»:

Քաղաքականություն