ԵՄ-ի արձագանքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին

Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին ու արժեքներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։


«Սա շատ մտահոգիչ զարգացում է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա դեպի ԵՄ։


Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին»,- ասված է հայտարարության մեջ։


Բորելի խոսքով՝ օրենքի ընդունումը կսահմանափակի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հնարավորությունները։


Բորելը Վրաստանին կոչ է արել ձեռնպահ մնալ օրենքի ընդունումից։


Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ևս հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:


«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,-  նշված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը։

Քաղաքականություն