Ինչի հետ կապված կլինեն Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում կոչ են արել Մերձավոր Արեւելքի բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաեւ խոստացել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք «կապված են անօդաչուների եւ հրթիռների հետ»: Այս մասին ասվում է Մերձավոր Արևելքի վերաբերյալ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Եվրոխորհուրդը կոչ է անում Իրանին և նրա վստահված անձանց դադարեցնել բոլոր հարձակումները և կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում», - նշվում է դրանում:


Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում Է Իսրայելի վրա Իրանի հարձակումը և լիակատար համերաշխություն է հայտնում Իսրայելի ժողովրդին, հավատարիմ է այդ երկրի անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը: Ավելին, ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք «կապված կլինեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հետ»:


«Եվրամիությունը հետագա սահմանափակող միջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ, հատկապես կապված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հետ», - ասվում է հայտարարության մեջ:


Ինչպես լրագրողներին պարզաբանել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, նոր սահմանափակող միջոցները կվերաբերեն իրանական ընկերություններին, որոնք կապված են անօդաչուների եւ հրթիռների արտադրության հետ: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կսահմանվեն պատժամիջոցները։


Ապրիլի սկզբին Իսրայելը հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին։ Ի պատասխան՝ Իրանը ապրիլի 13-ին, նախազգուշացնելով տարածաշրջանի երկրներին, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել հրեական պետության ուղղությամբ: Թեհրանում ընդգծել են, որ հարձակվել են բացառապես ռազմական օբյեկտների վրա։


Իրանական հրթիռներն ու անօդաչուները որսալու հարցում Իսրայելին օգնել են Մեծ Բրիտանիան, Հորդանանը և ԱՄՆ-ը: Իսրայելի Պաշտպանության բանակում հայտարարել են, որ առգրավվել է հրեական պետության ուղղությամբ թռչող շուրջ 300 իրանական արկերի 99 տոկոսը: Թեհրանը հավաստիացրել է, որ ապրիլի 13-ի հարվածից հետո հետագա գործողություններ չի ծրագրում, սակայն հրեական պետության իշխանությունները հայտարարել են, որ պատասխան են պատրաստում:

Քաղաքականություն

Պատահարներ