Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան

Տավուշի այդ հատվածը, ըստ էության, պետք է լինի մոդել հայ-ադրբեջանական սահմանային բոլոր «կնճիռների» իմաստով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի այցի ժամանակ բնակիչներին ասած խոսքերին, որ պետք է առաջնագիծ չլինի, այլ լինի սահման:


«Եթե կարողանանք Ադրբեջանի հետ գալ ընդհանուր հայտարարի և հարցերը լուծելք երկու կողմի համար ընդունելի տարբերակով, ապա գործընթացն ավելի սահուն կընթանա հետագայում և էլ ավելի առարկայական կդառնա խաղաղության գործընթացն ավարտին հասցնելը»,- նշեց պատգամավորը:


Անդրադառնալով կողմերի համար ընդունելի տարբերակին՝ Աղազարյանն ասաց, որ ամենից շատ աչքի ընկնող տարբերակը, որը չպետք է խնդիր առաջացնի, այն է, որ 4 բնակավայրը, որ եղել են Խորհրդային Ադրբեջանի տարածքում, վերադարձվեն Ադրբեջանին: Մի մեծ հողակտոր, որ առաջ եղել է Ադրբեջանի տարածքում հիմա մեր տարածքում է, և մի մեծ այլ հողակտոր, որը Հայաստանի Խորհրդային Հանրապետության տարածքում էր, հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս հողակտորները պետք է փոխանակվեն:


«Սա կայուն վիճակ կարող է ստեղծել, և ռազմական միավորները փոխանակվեն սահմանապահ գործառույթով: Մենք որոշակի դժվարություններ կունենանք կոմունիկացիոն առումով, բայց դրանք լուծելի խնդիրներ են և ավելի հեշտ, քան այն խնդիրները, որոնք ունենք Ադրբեջանի հետ հարաբերություններում: Տավուշի այս հատվածում ադրբեջանական կողմը կմոտենա հարցին այն տրամադրվածությամբ, որով մենք ենք մոտենում»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը:


Պատգամավորը նշեց, որ խնդիրն այնքան պարզ ու ցայտուն է, որ կողմերի համար այլ լուծում առաջարկելն ու այլ լուծման հետևից գնալը միջազգային հանրությանը բացատրելը շատ դժվար կլինի: Նրա խոսքով՝ միջազգային հանրության ուշադրության ներքո կա ռեալ հնարավորություն Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական խնդիրը սահմանազատման և սահմանագծման հարցում լուծելու համար:


«Փաշինյանի ուժը կայանում է նրանում, որ նա այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «Առաջ», նա միշտ ասում է «Իմ հետևից»: Նա հարվածները վերցնում է իր վրա, «թուքումուրը» վերցնում է իր վրա և ներկայանում ժողովրդին ու խոսում նրա հետ: Փաշինյանը, լսելու ընդունակություն ունենալով, ժողովրդի հետ զրույցներում կարող է ճշտումներ մտցնել այս կամ այն հարցի հետ կապված»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ