Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Այս որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Ինչպես տեղեկացնում են ՀԿԾՀ մամուլի ծառայությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:

Քաղաքականություն