Բոլթոնի հետ Արցախի հարց չենք քննարկել, Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել․ Փաշինյան
Բացառված է մի տեղեկատվություն, որի մասին հանրությունը տեղյակ չլինի։ Ասել եմ, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել, Ադրբեջան անուն չի շոշափվել։ Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, որ իմ գրառումը կարդա, դրան գումարի Բոլթոնի թվիթերյան գրառումը, ամեն ինչ կիմանա։ Պարզապես ճիշտ չէ, որ ասեմ՝ ինքն այսպես ասաց, իսկ ես՝ այնպես, ամբողջ տեղեկատվությունը տրամադրված է։ Կարծում եմ, որ մեր Կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը ոչ մեկը չի վարել։ Որևէ զուգահեռ ու ընդհանրություն գտնելու փորձերը նախկինում վարած որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է։ Մենք չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը",- ասել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ հոեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում իրենք անդրադարձ են կատարել նաև Արցախի խնդրին։

Քաղաքականություն