Ալեքսանդր Սարգսյանը մոտ 20 միլիոն դոլար է նվիրել Արցախի Բանակին. ԱԱԾ
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։ «Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,– լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ Նա հաստատեց նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն ևս։ Խոսքը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվության մասին է։ Ըստ ԱԱԾ–ի` Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։ Թե որքան է այս հյուրանոցի գնահատված արժեքը, ԱԱԾ–ն չի հստակեցնում, բայց ինչպես նոյեմբերի 28-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, դրա արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ «Այն պետք է հանել աճուրդի, և փողերը պետք է մուտքագրել պետբյուջե»,– ասել էր Փաշինյանը։ Նշենք, որ հայտնաբերված չարաշահումներից 30 991 811 334 ՀՀ դրամը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով, 1 031 681 493 ՀՀ դրամի վերաբերյալ քրեական գործերն ԱԱԾ–ին են ուղարկվել ըստ ենթակայության քննություն իրականացնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ