Հայաստանը տարանցիկ երկիր է թմրանյութերի համար․ ՄԱԿ
ՄԱԿ թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեի 2018թ. զեկույցի համաձայն Հայաստանը տարանցիկ երկիր է հարևան Իրանից թմրանյութերի տարհանման համար: Ըստ զեկույցի, վերջին տարիներին Հայաստանը հայտնում է թմրանյութերի, այդ թվում, կոկաինի, ափիոնի, առգրավման ծավալների աճի մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ տարածքն օգտագործվում է տարանցման համար: Նշվում է, որ 2017-ին Իրանում 30%-ով աճել է մեթամֆիտամինի առգրավման ծավալը՝ մինչև 2,3 տ, 2016-ի 1,7 տ դիմաց: Հայաստանում ևս մեթամֆիտամինի առգրավման աճ է եղել, որն, ըստ զեկույցի, առավելապես, ներմուծվել է Իրանից: Ըստ զեկույցի՝ այժմ Հայաստանում տարբեր բարեփոխումներ են իրականացվում, որոնցից ողջունվում են այն փոփոխությունները, որոնք ուղղված են թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործումը բժշկական նպատակներով առավել մատչելի դարձնելուն, ինչպես նաև համարժեք պատասխանատվության սահմանմանը թմրանյութերի շրջանառության համար: 2017-ին ՀԱՊԿ անդամ պետությունները երկու ծավալուն համատեղ գործողություն են իրականացրել հակազդելու համար թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և դրա հետ կապված փողերի լվացմանը:

Քաղաքականություն